Արմինֆո. Հունաստանը մեր առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության, այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Հունաստանի արտգործնախարարությունում իր ելույթի ժամանակ: Նրա ասելով, վերջին շաբաթներն այս առումով շատ նշանակալի էին: «Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև զարգացնում է հարաբերություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերի հետ: Հուսով ենք, որ նման նպատակասլաց ու իրատեսական երկխոսությունը շարժիչ ուժ կհանդիսանա մեր տարածաշրջանում համագործակցության խթանման համար:
Այս համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է առաջ ընթանալ փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ի թիվս այլոց միանալ COSME, «Ստեղծագործ Եվրոպա», «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը և ստորագրել Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ միաժամանակ հատուկ կարևորություն տալով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին: Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Իհարկե, մենք քննարկում ենք Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Այս առումով օգտակար կարող է լինել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և գործարար համաժողովների կազմակերպումը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում նոր հնարավորություններ են առաջ եկել առևտրի և ներդրումների համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Հայաստանն արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Հուսով ենք, որ քաղաքական զարգացումների արդյունքում ընձեռնված հնարավորությունները թույլ կտան լիարժեք տնտեսական համագործակցություն ծավալել 80 միլիոնանոց շուկա ունեցող մեր հարևան Իրանի հետ: Այդ առումով հատկանշական կարող են լինել Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային և կապի երթուղիների վերաբերյալ նախագծերը՚, - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Նա տեղեկացրել է, որ երկու օրից մեկնելու է Կիև` ստանձնելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: «Հայաստանի նախագահության ընթացքում մենք կձեռնարկենք հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այս կազմակերպությունը լիարժեք ծառայի անդամ երկրների միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման իր նպատակներին: Մեր խորին համոզմամբ, նրանք, ովքեր չարաշահում են այս հարթակը իրենց նեղ քաղաքական նպատակները տնտեսական համագործակցության հաշվին առաջ տանելու համար, ոչ միայն հակասում են կազմակերպության նպատակներին, այլև տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման իրական շահագրգռվածություն չունեն: Եվ նրանք, ովքեր հավատարիմ են մնում ՍԾՏՀԿ նպատակներին՝ ինչպես Հայաստանը և Հունաստանը, պետք է ձգտեն պահպանել այս կազմակերպության բացառապես տնտեսական և ապաքաղաքական բնույթը՚, - ընդգծել է Նալբանդյանը:
Նա նաև հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախագահությունը, որը միավորում է 84 երկիր, այդ թվում նաև Հունաստանը։ «Հաջորդ հոկտեմբերին մենք պատիվ կունենանք Երևանում հյուրընկալելու կազմակերպության գագաթաժողովը: Գագաթաժողովի կարգախոսը կլինի «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք»: Մենք մտադիր ենք դրա շրջանակներում կազմակերպել Ֆրանկոֆոն տարածաշրջանի գործարարների համաժողով և կցանկանայի Հունաստանի գործարար շրջանակների ուշադրությունը հրավիրել այս միջոցառման վրա՚, - նշել է ՀՀ արտգործնախարարը:
Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին` արտգործնախարարը նշել է, որ մենք հույն ժողովրդի հետ կիսել ենք նաև անցյալի մի քանի ողբերգական էջեր, մենք երկուսս էլ վերապրել ենք ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն, ուս-ուսի տված պաշտպանել ենք ապրելու մեր իրավունքը և միմյանց սատարել դժվարին պահերին: «Կասկած չկա, որ մենք ավելին ենք, քան պարզապես պատմականորեն բարեկամական ժողովուրդներ. սա իրական եղբայրություն է՚, - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: