Արմինֆո.Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և, այդ երկրի դեսպանատունն այնտեղ փոխադրելու մասին ԱՄՆ նահանգների նախագահի որոշումը, ինչպես և սպասվում էր, ծայրահեղ լարվածության մատնեց ողջ տարածաշրջանը, որն արդեն վերջին տասնամյակում գտնվում է անօրինակ խռովահույզ վիճակում և դարձել է արյունալի բախումների, քանդումների ու բռնագաղթերի թատերաբեմ։
Դոնալդ Թրամփի այդ որոշումն այժմ սպառնում է նոր արյունահեղություններ, նոր տառապանքներ բերել տարածաշրջանի ազգաբնակչություններին, որոնցից զերծ չեն մնալու նաև Միջին Արևելքի հայագաղութները։ Այս մասին է նշված «Ռամկավար ազատական» կուսակցության հայտարարության մեջ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է կուսակցության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվցած է. «Մեր կարծիքով, սպառնալիք է կախված նաև Հայկական Երուսաղեմի գլխին, ոչ միայն տեղի՝ արդեն խիստ նոսրացած մեր գաղթօջախի, այլ մանավանդ՝ Հայոց պատրիարքության, Սուրբ քաղաքում նրա դարավոր ներկայության, նրա նյութական ու հոգևոր անգնահատելի հարստությունների գլխին։ Նախագահ Թրամփի որոշումը, դրան հետևելիք իսրայելական իշխանությունների «կարգադրությունները» սպառնում են խախտել փխրուն հավասարակշռությունը, որ գոյություն ունի Հին Երուսաղեմի միջկրոնական և ազգամիջյան համագոյակեցության ասպարեզում, խախտելու է դարավոր կարգավիճակները, որոնցից տուժելու է Սբ. Հակոբա վանքը, մեր մյուս սրբատեղիները։
Այստեղ ավելորդ ենք համարում վերստին հիշեցնել Հայկական Երուսաղեմի դիրքի կարևորությունը քրիստոնեական երեք մեծ եկեղեցիների մեջ։ Կարևոր և, հետևաբար, առավել խոցելի՝ նաև իր թույլ պաշտպանվածությամբ։ Ուստի՝ առավել ենթակա արտաքին ոտնձգությունների, իրավունքների ոտնահարման։
Նկատի ունենալով այս և այլ հանգամանքները, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն առաջարկում է Երևանում ստեղծել արտակարգ լիազորություններով օժտված պետական ու կրոնական կենտրոնական շտաբ, պետական ու եկեղեցական ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կհամակարգի արտաքին ու ներքին բոլոր աշխատանքներն ի խնդիր հայկական Երուսաղեմի, Հայոց պատրիարքության պաշտպանության, իր աշխատանքները համակարգելով առաջին հերթին Հայոց պատրիարքության, հայկական մյուս դավանանքների ղեկավարություններին, ինչպես նաև քրիստոնեական բոլոր եկեղեցիների ու կենտրոնների, աշխարհի գլխավոր մայրաքաղաքների հետ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։