Արմինֆո.Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշումը, բանակցային գործընթացը և դրա ավարտը բավականին տևական գործընթաց է: Դեկտեմբերի 12-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Նա նշել է, որ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունն առանձին գործընթաց է, որը կապված չէ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերույթյան մասին համաձայնագրի ստորագրման հետ: «Վիզային ռեժմիմ ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշումը Եվրամիության աշխատաոճի մի մասն է: Այստեղ կարևոր դերակատարում ունի անհրաաժեշտ բոլոր պահանջների ու պայմանների բավարարման հարցը, որը հետագայում կհանգեցնի վիզային ռեժիմի դյուրացման: Սակայն, կցանկանայի ընդգծել, որ այդ հարցին առնչվող գործընթացը պետք է սկսվի, ավելի շուտ, հայտ ներկայացնող երկրում` քան Բրյուսելում՚, - եզրափակել է Լաքոտը:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման գործընթացը ԵՄ երկրների հյուպատոսական կառույցներում, որոնք գտնվում են Երևանում: Մուտքի վիզայի գինը համաձայնագրի ստորագրումից հետո իջավ մինչև երեսունհինգ եվրո, նախկին` վաթսուն եվրոյի փոխարեն: Դյուրացվեց նաև մուլտիվիզաների տրամադրամն գործընթացը, որը նախկինում բարդ էր և երկարատև: Իսկ դիվանագիտական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն, ընդհանրապես, ազատվել են մուտքի վիզաների ստացման անհրաժեշտությունից: Վիզաների դյուրացման սխեման անդրադարձավ նաև ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների մնալու տևողության վրա: Այժմ այդ ժամկետը կազմում է իննսուն օր` յուրաքանչյուր հարյուր ութսուն օր ժամանակահատվածի համար: Միևնույն ժամանակ, ստորագրվել է ռեադմիսիայի շուրջ համաձայնագիր: Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ժամանակն է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, սակայն այդ հարցն առայժ մեռյալ կետից չի շարժվել: