Արմինֆո. Հայաստանու Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը զարմացած է այն առնչությամբ, թե հայ հասարակության շրջանում որքան խորն է նստած ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
«Ես Հայաստանում եմ ընդամենը երկու ամիս, սակայն այդ ընթացքում շփման գծում մշտապես մահվան դեպքեր են լինում: 2017 թվականի սկզբից ի վեր հակամարտության գոտում զոհվել է 57 մարդ: Այդ ամենը վկայում է այն մասին, որ խոսքը սառեցված հակամարտությանը չի վերաբերում: Դա իրական հակամարտություն է, որը լուրջ ազդեցություն է թողնում թե երկրի հասարակության, թե կառավարության վրա: Եվ դա մեզ մտահոգում է՚, - ասել է դեսպանը դեկտեմբերի 12-ին Երևւանում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նաև ընդգծել է, որ հենց այդ պատճառով է Ֆրանսիան ձեռնամուխ եղել հակամարտության կարգավորմանը: Նրա ասելով, պետք է պահպանվի ուժի չկիրառման սկզբունքը, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, ինչպես նաև` կարգավորման մյուս երկու հիմնարար սկզբունքները` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը: Լաքոտն ընդգծել է, որ հարկավոր է հավատարիմ մնալ բոլոր երեք սկզբունքներին, որոնք դրված են կարգավորման հիմքում:
Դիվանագետը, միևնույն ժամանակ, փաստել է, որ Ֆրանսիան հավատարիմ է իր միջնորդական պարտավորություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և կշարունակի աջակցել կողմերին հակամարտության լուծում գտնելու գործում: Սակայն, նրա ասելով, այդ հակամարտությունում Ֆրանսիան ընդամենը միջնորդ է, և տևական ու հաստատուն խաղաղության որոնման ուղիները պետք է գտնեն կողմերը: Լաքոտը նաև փաստել է, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակին, և պաշտոնական Փարիզը դրական է գնահատում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևի հանդիպումը, այնպես էլ 2018 թվականի սկզբին, ամենայն հավանականությամբ հունվարին երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:
Դիվանագետը, միևնույն ժամանակ, դժվարացել է ներկայացնել բանակցային գործընթացի մանրամասները, նշելով, որ ինքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է, և իր առաքելությունը հայ հասարակության վրա հակամարտության ազդեցության մասին իր երկրի համապատասխան կառույցներին իրազեկելն է: Լաքոտը հավելել է, որ հակամարտության կարգավորման առաքելությունը դրված է Ֆրանսիայի մեկ այլ դեսպանի վրա, որը միջնորդական գործունեություն է իրականացնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: