Արմինֆո. «Այն, որ որոշ համայնքապետներ Հայաստանում գերազանցում են իրենց լիազորությունները և չարաշահում ծառայողական դիրքը, ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Սակայն, երկրի նախագահի կողմից այդ փաստերի հրապարակային ճանաչումը հսկայական առաջընթաց քայլ է»,- դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար:
Ռուստամյանը նշել է, որ անհրաժեշտ է մինչև վերջ հասկանալ իրավիճակը և մշակել մեխանիզմներ, որոնք նպաստում են նման երևույթների կանխմանը: Միաժամանակ ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ նախագահն անբարեխիղճ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու լիազորություններ չունի:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունը ոչ ոքի չի զարմացրել, և նույնիսկ սպասելի էր: «Բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքներում պետական մարմինների շատ ներկայացուցիչներ հասարակ գողեր են: Նրանք հարստացել են մեր հաշվին՝ հնարավոր և անհնար բոլոր միջոցներով»,- հայտարարել է Մարուքյանը:
Ընդդիմադիրը նշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ բոլոր լիազոր կառույցներն իմացել են, թե ինչ է տեղի ունենում, սակայն անձնական կապերի միջոցով անբարեխիղճ պաշտոնատար անձինք մնացել են իշխանությունում ու չեն ենթարկվել պատասխանատվության: «Քանի դեռ օրենքը մեր երկրում ընտրովի է կիրառվում, նման դեպքեր եղել են, կան ու կլինեն»,- ընդգծել է «Ելք» խմբակցության ներկայացուցիչը:
Նշենք, որ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:
Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք այո, ապա ես ասում եմ հետևյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված:
Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի»: