Արմինֆո.Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ՝ կրոնական հանրությունում: Այդ մաիսն դեկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:
«Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն հայտնել է իր մտահոգությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքն առանձին նամակով դիմել է նախագահ Թրամփին՝ ընդունված որոշումը հետ կանչելու կոչով: Մեր հիմնական մտահոգությունը վերաբերոմ է գոյություն ունեցող փխրուն խաղաղության խախտմանը, քանի որ այդ որոշումը հղի է նոր բախումներով և իսրայելապաղեստինյան հակամարտության բորբոքմամբ: Կարծում ենք, որ այդ որոշումը կարող է նոր խթան հաղորդել այդ չլուծված հակամարտությանը, և վտանգ ենք տեսնում դրանում: Բացի այդ, Երուսաղեմը բավական բարդ քաղաք է, և բազմաթիվ վեճեր են եղել դրա պատկանելիության առնչությամբ, ընդհուպ այն, որ ՄԱԿ-ը ժամանականին համապատասխան որոշում է ընդունել վերջինիս կարգավիճակի մասին»,- ասել է Տեր Վահրամ Մելիքյանը:
Նրա խոսքով, ՀԱԵ-ն, հակամարտության խնդրից բացի, իրավունքների հետ կապված բազմաթիվ հարցեր է տեսնում այնտեղ, քանի որի քրիստոնեական եկեղեցիները և այլ կրոնական խմբեր տարբեր իրավունքներ ունեն, այդ թվում՝ կալվածքների հետ կապված: Այդ պատճառով ՀԱԵ ներկայացուցչի խոսքով, կարգավիճակի փոփոխությունը կարող է հանգեցնել այդ հարցում քաոսի: «Մեր նպատակն է այսօր՝ ամեն գնով պահպանել մեր կալվածքները, որի համար պայքարել են դարերի ընթացքում»,- ասել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Այդ որոշումը հակազդեցություն է հարուցել ողջ արաբական աշխարհում և դրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Երուսաղեմի հայկական և մյուս քրիստոնեական եկեղեցիները դիմել են ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով զերծ մնալ քայլերից, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել Մերձավոր Արևելքին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, հայտարարել է, Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում: «Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներինե,- հայտարարել է Նալբանդյանը: