Արմինֆո.Դատական ակտերի հարկադիր կատարողների լիազորությունները կսահմանափակվեն: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ օրենքում և հարակից օրենքներում առաջին ընթերցմամբ համապատասխան ուղղումներ են կատարվել Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստում:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ասելով, խոսքը վերաբերում է, առաջին հերթին, դատական ակտերի կատարման ստույգ ժամկետների սահմանմանը: Այսօր դատավճիռների կատարումը կարող է տևել երկու ամիս, սակայն չկան որոշակի գործողությունների ժամկետներ: Եվ հենց կատարողը կարող է գույքն աճուրդի հանելու մասին որոշում կայացնել երկու ամիսը լրանալուց հետո մեկ օրում: Այժմ կատարողի համար սահմանվում է ընդամենը երեք օր` համապաատասխան որոշում կայացնելու համար: Եվս մեկ կարևոր փոփոխություն վերաբերում է հայցի ապահովման հստակ ընթացակարգի սահմանմանը: Մասնավորապես, սահմանվում է ընկերությունների գույքի և դրամական միջոցների օգտագործման արգելքի մասին կատարողի որոշման կայացման կարգը: Իրավաբանական անձանց պարագայում կատարողն իրավունք ունի, առաջին հերթին, արգելել անշարժ գույքի օգտագործումը, երկրորդ` հիմնական միջոցների օգտագործումը, երրորդ` անավարտ արտադրական օբյեկտի օգտագործումը, չորրորդ` պատրաստի արտադրանքի, հինգերորդ` շարժական գույքի օգտագործումը: Այդ պահանջն ընկերություններին հնարավորություն կընձեռի առանց խոչընդոտների իրականացնել իրենց գործունեությունը: