Արմինֆո. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին և ողջ կազմակերպության: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության` այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն իր ելույթում:
«Դա շատ բացասական նախադեպ ստեղծեց: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև Կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը: ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ՚, - նշել է Է.Նալբանդյանը, հավելելով, որ Հայաստանը վճռական է շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այս առումով:
Հիշեցնենք, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը օգոստոսի 31-ին դադարեցրել է գործունեությունը: Դա կազմակերպության լիակատար գործող վերջին գրասենյակն էր տարածաշրջանում: Գրասենյակի փակման պատճառն Ադրբեջանի կողմից վետոյի կիրառումն էր Երևանում ԵԱՀԿ գրասենյակի առաքելության շարունակման մանդատի նկատմամբ: