Արմինֆո. ԵՄ հետ համաձայնագրից հետո Հայաստանում ինչպես գողացել են, այնպես էլ՝ կշարունակեն գողանալ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
«Հայաստանի իշխանությունների համար ԵՄ հետ համաձայնագիրը Հայաստանի կառավարման կոռումպացված համակարգը քողարկելու հնարավորություն է՝ եվրոպական արժեքների ուղղությամբ ընթանալու երկրի կարողությունները ցույց տալու նպատակով, անշուշտ, եվրոպական փողերով: Բրյուսելը բարեփոխումների նպատակով դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի իշխանություններին՝ բարեփոխումների երկրորդ փուլի իրականացման համար հաջորդ տրանշի տրամադրման պայմանով, բացառապես առաջին փուլի իրականացումից հետո»,- ընդգծել է քաղաքագետը:
Այս տեսակետից «սառը ցնցուղի» հեռանկարը եվրոպացիների համար միանգամայն հավանական է թվում Ենոքյանին: Սակայն, Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտի վիճակը հասցրել է այլընտրանքային քաղաքական գործչի լիակատար բացակայության աստիճանի, ում հետ Բրյուսելը կարող է պայմանավորվել:
Այս առումով ԵՄ հետ համաձայնագիրն զգալիորեն ամրապնդում է Սարգսյանի դիրքերը, քանի որ պայմանավորվելու ունակ այլ գործընկեր եվրոպացիները Հայաստանում այսօր չեն տեսնում: Ըստ որում, համաձայնագիրն իր հերթին ուժեղանալու իրական հնարավորություններ է ստեղծում հանրապետության քաղաքական ուժերի համար: Իր հերթին, այդ հնարավորությունների իրականացման դեպքում քաղաքագետը կանխատեսում է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ դիրքերի հետագա թուլացում: