Արմինֆո. 2018 թ. կնշանավորվի Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աննախադեպ աճով՝ երկրում համատարած աղքատության լույսի ներքո: Այդ մասին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ կառավարությունն ինքն է կանխատեսել գների աճ հանրապետությունում՝ 2018 թ. բյուջեում ամրագրելով 4% ինֆլյացիայի մակարդակ: «Սա վերջին տարիներին կանխատեսվող ինֆլյացիայի ամենաբարձր մակարդակն է»,- նշել է պատգամավորը: Նա նաև ընդգծել է, որ 2018 թ. գնաճի խթան կհանդիսանա նոր հարկային օրենսգիրքը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը: «Արդեն հիմա առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, բենզին, միս, թանկացել են 10%-ից 30%-ով: Իսկ հաջորդ տարի սպասվում է դիզելային վառելիքի, ձկնեղենի, շաքարի, թեյ, սուրճի, ալկոհոլի, ծխախոտի, ատամի մածուկի և այլ ապրանքների թանկացում: Մինչդեռ մեր կառավարությունն այդ ամենին վերաբերում է խորը անտարբերությամբ, ինչի վկայությունը համընդհանուր թանկացումների պայմաններում կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձների անփոփոխությունն է»,- նշել է պատգամավորը:
Սակայն, ընդգծել է Փաշինյանը, դա շատ օրինաչափ և տրամաբանական իրավիճակ է, եթե հաշվի առնենք, թե ինչպես է ձևավորվել ներկայիս կառավարությունը: «Իսկ ներկայիս կառավարությունը ձևավորվել է ընտրություններում կաշառք բաժանելու ճանապարհով Հանրապետական կուսակցության հաղթանակի հիման վրա: Իսկ հիմա, 5-10 հազար դրամով ձեր ձայնը վաճառած հարգելի քաղաքացիներ, հարց տվեք ձեզ, ինչու ինչու ՀՀԿ-ն պետք է շահագրգռված լինի, որպեսզի ժողովուրդը լավ ապրի: Հանրապետական կուսակցությունը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի շարքային քաղաքացին միշտ 5-10 հազար դրամի կարիք ունենա և պատրաստ լինի ընտրություններում վաճառել իր ձայնը»,- բացատրել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Ելք» դաշինքը կքվեարկի 2018 թ. բյուջեի նախագծի դեմ:
«Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Նաիր Զոհրաբյանը նույնպես հայտարարել է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը դեմ կքվեարկի փաստաթղթին, քանի որ այն չի լուծում երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները՝ աճող միգրացիա, աղքատություն, գործազրկություն, հսկայական արտաքին պարտք:
Մինչդեռ Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն կողմ կքվեարկի փաստաթղթին, քանի որ, ինչպես բացատրել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, փաստաթուղթը, չնայած մինուսներին, հիմքեր է ստեղծում առկա խնդիրների լուծման և հանրապետության հետագա տնտեսական զարգացման համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2018 թ. բյուջեն անվանել է իրատեսական, կայունացնող և հեռանկարային՝ հայտարարելով, որ հանրապետականները միաձայն կաջակցեն փաստաթղթին:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծել է,ո ր 2018 թվականի բյուջեի նախագիծն իրեն միաժամանակ եւ ոգեւորում է, եւ ինչ-որ չափով անհանգստացնում: «Ոգեւորում է, քանի որ տեսնում եմ տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման անթաքույց կամք եւ, վերջապես, տեսնում եմ իրերն իրենց անունով կոչելու եւ վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր:Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ»,- ասել է Բաբլոյանը՝ կոչ անելով սթափություն դրսևորել և ընդունել պետական բյուջեի առավել օպտիմալ տարբերակ: