Արմինֆո.Եթե Մարդոի իրավունքների եվրոպական դատարանը արձանագրի, որ Ադրբեջանը իրականում խախտել է Եվրոպայի խորհուրդ անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունները, հանրապետությունը կարող է զրկվել ԵԽ-ին անդամակցությունից: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ վճիռը չկատարելու հետ կապված դատական քննություն սկսելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումը:
«Հետևանքը հետևյալն է. եթե ՄԻԵԴ-ը արձանագրի, որ Ադրբեջանը իրականում խախտել է Եվրոպայի խորհուրդ անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունները, ապա այն գործը ուղարկում է նախարարների կոմիտե՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, իսկ եթե դատարանը արձանագրում է, որ խախտում տեղի չի ունեցել, ապա գործը ուղարկվում է նախարարիների կոմիտե՝ դրա վարույթը կարճելու համար: Եվրոպայի խորհրդի կանոնակարգի համաձայն նախարարների կոմիտեն կարող է կասեցնել պետության անդամակցությունը նախարարների կոմիտեին՝ պահանջելով որ վերջինս դուրս գա Եվրոպայի խորհրդից: Դա արվում է Եվրոպայի խորհրդի կանոնակարգի այն դրույթի հիման վրա, որ կողմերը պարտավոր են համագործակցել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին ապօրինի դատապարտմանը: Սկսած 2014 թվականից և՛ նախարաների կոմիտեն, և՛ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս ընդունել են որոշումներ և բանաձևեր՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել Մամեդովին, սակայն ՄԻԵԴ վճռից երեք տարի անց էլ Մամեդովը շարունակում էր մնալ անազատության մեջ: Առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը: