Արմինֆո.Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից Ղարաբաղի շուրջ բանակցություններում հիմնարար փոփոխություններ սպասել պետք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարխիք է հայտնեկ ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
«Բանակցային գործընթացը շարունակվում է, դիվանագետներն աշխատում են, սակայն, գործընթացում հիմնարար փոփոխությունների հեռանկարներ տեսանելի ապագայում չեմ տեսնում: Այս առումով ԱԳՆ ղեկավարների Վիեննայի հանդիպումից շատ բան սպասել, իհարկե, չենք կարող: Բաքվի և վերջինիս հիմնական դաշնակից Թուրքիայի վերջին շրջանում դիվանագիտական ակտիվությունը հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ առանձնակի հույսեր չի ներշնչում»,- նշել է նա:
Խորհրդարանականը Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտության հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համակարծությունը պայմանավորում է հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակի բացակայությամբ, ինչը, նրա կարծիքով, իր հերթին պայմանավորված է Բաքվի բազմամյա ապակառուցողական դիրքորոշմամբ:
Ըստ Հակոբյանի, նախագահների կազանյան հանդիպումից ի վեր բանակցություններն ընթանում են ոչ թե հակամարտության կարգավորման ձեռքբերման, այլ՝ բանակցությունների շարունակման շուրջ: Նման պայմաններում Մինսկի խումբը հիմնականում փորձում է կառավարել հակամարտության ճգնաժամային փուլը: Եվ միայն Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, խորհրդարանականի կարծիքով, թույլ կտա անցում կատարել սուբստանտիվ բանակցություններին, ինչն այդքան պահանջում և լոկ խոսքերով ցանկանում են Բաքվում: