Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Վիեննայում կայանալիք հանդիպումն աչքի կընկնի բանակցությունների շարունակմամբ՝ հանուն բանակցությունների: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Վիեննայում՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը, Սկակովի կարծիքով, պայմանավորված է որևէ փոխզիջման և զիջման գնալու հակամարտության կողմերի, մասնավորապես՝ Բաքվի մերժմամբ: Իսկ Երևանի կողմից միակողմանի կարգով զիջումները հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման անխուսափելի կատալիզատոր կհանդիսանան:
«Հաշվի առնելով ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների՝ նման սցենարի իրականացման շահագրգռվածության բացակայությունը՝ միակողմանի զիջումները, առնվազն տեսանելի ապագայում, կարծում են, հնարավոր չեն»,- համոզված է քաղաքագետը:
Այս առումով Սկակովը համոզված է ԱԳՆ ղեկավարների հանդիպումների անարդյունավետության հարցում՝ համարելով դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների նախաձեռնությունը՝ կոչված ցույց տալու բանակցային գործընթացի առկայությունը:
Իրական իրավիճակը, ըստ նրա, կարգավորման ձեռքբերման շուրջ քննարկումներից շարունակում է հեռու մնալ, քանի որ, չնայած կարգավորման ուղիների մշակման ուղղությամբ միջնորդների կոնսենսուսին, իրավիճակն, այնուամենայնիվ, թելադրում են հակամարտության անմիջական կողմերը: