Արմինֆո.Հայաստանի զինված ուժերում ծառայությունից խուսափողները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կարող են յուրաքանչյուր զորակոչի համար վճարել 200 հազար դրամ կամ բոլոր զորակոչերի համար` 3,6 մլն դրամ, և ազատվել քրեական հետապնդումից:
«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ օրենքում երկրորդ և վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություն է կատարվել դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում:
Պատգամավոր Կարինե Աճեմյանի ասելով, 2003 թվականին ընդունված փաստաթղթում արդեն ութերորդ անգամ է փոփոխություն կատարվում` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով: Այդ ընթացքում Պաշտպանության նախարարության արտաբյուջետային ֆոնդում կուտակվել է 8 մլրդ դրամ` պաշտպանական գերատեսչության կարիքներին ուղղորդման նպատակով: Փաստաթղթի համաձայն, մինչև տարեվերջ յուրաքանչյուր զորակոչի համար 200 հազար դրամ գումար վճարելու մտադրության մասին հայտ ներկայացնելով՝ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք խուսափել են պարտադիր զինծառայությունից, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ հայրենիք:
Պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն, իր հերթին, ընդգծել է, որ փաստաթուղթը հաշվարկների առարկա է դարձել որոշ քաղաքացիների համար, ի տարբերություն նրանց, ովքեր բարեխղճորեն կատարում են իրենց քաղաքացիական և սահմանադրական պարտքը: Փոխնախարարի ասելով, վճարումներն իրադրությունից ելք չեն, պաշտպանական գերատեսչության համար փողը որոշիչ գործոն չէ: Այդ պատճառով, Պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ է համարում օրենքի գործողության ժամկետը սահմանել մինչև 2019 թվի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո վճարումների տեսքով բոլոր արտոնությունները կչեղարկվեն: