Արմինֆո.Արցախը գնահատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և, հիմնականում, չեզոք բնույթ է կրում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում:
«Ընդհանրապես, մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՚, - ասել է Արցախի արտգործնախարարը:
Նա նշել է, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ: «Արցախը ընդհանուր սահմանակցում է երեք պետությունների. արևմուտքում` Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է՚, - ընդգծել է Մասիս Մայիլյանը:
Նա հայտարարել է, որ Արցախը շահագրգռված է գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում Իրանի հետ։ «Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին՚, - հայտարարել է Արցախի արտգործնախարարը։