Արմինֆո. Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) հրապարակած Գլոբալ ռազմականացման ինդեքս-2017-ում Հայաստանը 3-րդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն Սինգապուրին և Իսրայելին:
2016 թվականին Հայաստանը եվրոպական երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցրել BICC Գլոբալ ռազմականացման ինդեքսում:
Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը ռազմականացման ամենամյա ինդեքսը հրապարակելիս երկրների ռազմականացումը գնահատում է մի շարք ցուցանիշներով. երկրների պաշտպանական բյուջեների ծավալները համեմատվում են նրանց ՀՆԱ հետ, հաշվի են առնվում ռազմական ծախսերն ու առողջապահության ծախսերը, զորքերի թվաքանակի և ծանր սպառազինության քանակի ցուցանիշները:
Ամենառազմականացված երկրների տասնյակում ընդգրկվել են Ռուսաստանը (4), Հարավային Կորեան (5), Քուվեյթը (6), Հորդանանը (7), Կիպրոսը (8), Հունաստանը (9) և Բրունեյը (10): Իրանն զբաղեցրել է 22-րդ, Թուրքիան՝ 25-րդ, Վրաստանը՝ 55-րդ տեղը:
BICC վերլուծաբանները հայ հասարակության նման բարձր ռազմականացումը բացատրում են «ձգձգվող ղարաբաղյան հակամարտությամբ»՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր հերթին 11-րդ տեղն է զբաղեցրել ինդեքսում:
Հիշեցնելով, որ 2016 թվականին Ադրբեջանն ինդեքսում 5-րդ տեղն էր զբաղեցնում՝ զեկույցի հեղինակներն Ադրբեջանի կողմից 6 դիրքի կորուստը բացատրում են երկրում էներգետիկ ռեսուրսյերի գների նվազմամբ, որի բյուջեն զգալիորեն կախված է դրանց արտահանումից: