Արմինֆո. Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, համաձայնագիրը որևէ դրույթ չունի, որը կարող է սահմանափակել կամ բացասաբար անդրադառնալ այլ երկրների վրա, որոնք համագործակցում են Հայաստանի հետ։ «Ես կարող եմ նույնիսկ ավելի բաց տեքստով ասել՝ մենք չենք ուզում մոնոպոլիզացնել այս համաձայնագրի իրագործումից բխող դրական արդյունքները։ Մենք կարծում ենք, որ եթե այս համաձայնագրի հիմնական դրույթները կյանքի կոչվեն, Հայաստանն ավելի ուժեղ ժողովրդավարություն կունենա, օրենքի գերակայության ավելի բարձր աստիճան, լավ, ուժեղ դատարաններ, կանխատեսելի, արդար բիզնես միջավայր, բիզնես վարելու հավասար պայմաններ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում, Հայաստանի մյուս գործընկերները դրանից միայն կշահեն, քանի որ այս համաձայնագիրը բխում է շատերի շահերից։ Այդ իսկ պատճառով, ես չեմ կարծում, որ համաձայնագրի հետ կապված կարող է լինել ինչ-որ կասկածելի բան։
Ցանկացած ոք, ով կարդացել է համաձայնագիրը, կհամաձայնի, որ Եվրամիությունը չի հետապնդում որևէ միակողմանի նպատակ, Եվրամիությունը չի փորձում ինչ-որ կոնկրետ օրակարգ պարտադրել։ Եվ ես կարծում եմ, որ համաձայնագրի կնքման շուրջ այլ երկրներից ստացված պաշտոնական մեկնաբանություններն, այդ թվում՝ Ռուսաստանից, փաստում են, որ այս համաձայնագիրը դրական է Հայաստանի համար, և որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ճիշտ ընտրություն է կատարում՝ տրամաբանական եզրակացություններ անելով համաձայնագրից։
Եվրոպական միությունը հակված է համագործակցելու իր հարևանների հետ։ Եվ Հայաստանի հետ այս համաձայնագիրը մեր ընդհանուր ռազմավարության մասն է կազմում, որի նպատակն է՝ աջակցել ավելի ուժեղ, բարգավաճ, ճկուն հարևանների կայացմանը։ Եվ այս համաձայնագրում կամ դրա հավելվածներում որևէ թաքնված բան չկա։ Այնպես որ, ինչպես ասացի, մենք չենք ուզում մոնոպոլիզացնել համաձայնագրի դրական արդյունքները և հույս ունենք, որ սա կգնահատվի նաև մյուսների կողմից»,- ասել է Սվիտալսկին: