Արմինֆո.Լեռնային Ղարաբաղին առնչվող անզգույշ քայլերը, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի հետ պատերազմի, Բաքվի համար վատթարագույնն է, որ կարող է տեղի ունենալ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:
«Այսօր հակամարտող կողմերը շարունակում են ակտիվորեն զինվել: Մինչդեռ ղարաբաղյան ստատուս-քվոյի շուրջ ցանկացած փոփոխություն չափազանց վտանգավոր է հենց իրավիճակի պայթյունավտանգության պատճառով: Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք, որ հակամարտության հայկական կողմերը կռվի դաշտում ավելի ուժեղ կլինեն, և դա պետք է հասկանան նաև Բաքվում: Տարածքային զիջումների նախագծերը հնարավոր կլինի քննարկել միայն իրավիճակի հանդարտեցումից, արդեն երկար տարիներ շարունակվող ատելության մարումից հետո: Նախ, հարկավոր է քննարկել ոչ թե տարածքները, այլ` ժողովուրդների միջև հաշտության հնարավորությունը: Դժբախտաբար, դրա համար առայժմ նույնիսկ նախադրյալ չկա՚, - ընդգծել է նա:
Էսկինի գնահատմամբ, հենց երկու կողմից պետական մակարդակով ատելության բարձր մակարդակն է գլխավոր պատճառը, որը խանգարում է արդյունավետ և հեռանկարային երկխոսության հաստատմանը: Հայկական ազգանունով մարդիկ չեն կարող այցելել Ադրբեջան, իսկ այն հանգամանքը, որ դա կարող են անել Ադրբեջանի քաղաքացիները, բնավ չի մեղմում կրքերի բորբոքումը երկու երկրների միջև:
«Ես խաղաղություն եմ ցանկանում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, և պատրաստ եմ ուժերիս ներածի չափով նպաստել դրա ձեռք բերմանը: Սակայն, հակամարտող կողմերը, նախ, պետք է հրաժարվեն դրա կարգավորման ռազմական եղանակից: Մարդիկ տասնյակ հազարներով չեն զոհվում` միայն ավելի քան 20 տարի գոյություն ունեցող ստատուս-քվոյի շնորհիվ: Այսօր գլխավորը ուժի չկիրառման շուրջ պայմանավորվելն է, հատկապես, առկա չափազանց լարված իրավիճակում, որը հղի է էսկալացիայի նոր բռնկումներով՚, - ամփոփել է Էսկինը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: