Արմինֆո.Իրանի հետ Հայաստանի ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցումը կզրոյացնի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի մեկուսացմանն ուղղված տասնամյակների ջանքերը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս առումով տնտեսական, ռազմավարական և նույնիսկ աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի ոչ միայն «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու արդեն ընթացող շինարարությունը, այլ նաև՝ Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացումը: Նման համազգային ծրագրերը մեր երկրի կայացման գրավականն են՝ որպես տարածաշրջանային հզոր պետություն»,- ընդգծել է նա:
Այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսակիան համագործակցության խորացման հնարավորությունները:
Ըստ իրանագետի, երկաթուղու կառուցման հարցում քաղաքական կամքի առկայությունը հիմնավորված է Հայաստանի կառավարության օրակարգում ծրագրի պահպանմամբ: Եվ դրա իրականացման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու դեպքում դեպի Իրան երկաթուղին ունի իրականացման բոլոր շանսերը: Այս առումով փորձագետը կարծում է, որ վերոհիշյալ երկու ծրագրերը Հայաստանի համար կենսական կարևորություն ունեն, այդ պատճառով ամեն գնով իրականացման կարիք ունեն:
Հավելենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ընդհանուր արժեքը նախկինում գնահատվում էր 960 մլն դոլար, որն այնուհետև աճեց մինչևւ 1,5 մլրդ դոլար, այժմ` ավելի քան 2 մլրդ դոլար: 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ՙՀյուսիս–Հարավ՚ միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: ՙՀյուսիս-Հարավ՚ ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: