Արմինֆո. ԵՄ հետ համաձայնագիրը Հայաստանի կողմից եվրոպացի գործընկերների աջակցությամբ բարեփոխումների իրականացման, ինտենսիվացման հնարավորություն է, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է Բրյուսելում`Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին:
«Համաձայնագիրը Հայաստանում մարդու իրավունքների ոլորտն արևմտյան չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրավիճակի զարգացման լուրջ հնարավորություններ է պարունակում: Այս առումով Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը լրջագույն փաստաթուղթ է, որը կարող է հետագայում որոշել Հայաստանի առաջընթացը շատ ոլորտներում»,- նշել է հանրապետականը:
Այս առումով Մինասյանն ընդգծել է Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին Հայաստանի միացման և Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի նախաստորագրման կարևորությունը:
Խորհրդարանականը նշել է, որ ԵՄ անդամ 24 երկրի կողմից համաձայնագրի վավերացումը վկայում է այն մասին, որ վերջիններս համակարծիք են Ղարաբաղի վերաբերյալ հոդվածի հետ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար դրույթների հիման վրա Մինսկի խաղարարար գործընթացին աջակցելու վերաբերյալ: Նշենք, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով։