Արմինֆո. Հայաստան-ԵՄ համաձայնագիրն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Հայաստանի հետ համաձայնագիր կնքելուց հետո հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը:
«Այս առումով խիստ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների աշխատանքը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում»,- ընդգծել է նա:
Նշելով, որ նման համաձայնագիր Եվրասիական միության անդամ երկրի հետ ստորագրվում է առաջին անգամ՝ Մոգերինին ընդգծել է համաձայնագրի կյանքի կոչման անհրաժեշտությունը և կարևորությունը՝ դրանից ակնկալվող օգուտներ քաղելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ՝ համաձայնագիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նրա խոսքով, կողմերը հիմք են դրել ավելի լայն տնտեսական և ոլորտային շփումների, քաղաքացիների շարժունակության մեծացման համար:
Նշենք, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով։