Արմինֆո.Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի ընդունումը փոխզիջումային տարբերակով կանցնի: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում էարդյոք Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի ընդունումը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն կանցնի փոխզիջումային տարբերակով»:
Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ՝ ՀՀ նախագահը նշել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ դրանք կընդունի: Չեմ կարծում, թե Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկվեն Ադրբեջանի հետ հարաբերությունները»:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԵՄ-ն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: Ինչպես ընդգծել է ՀՀ նախագահը, հայկական կողմին դա լիովին բավարարում է: