Արմինֆո. Հայաստանը չի հրաժարվել Եվրամիության հետ պայմանագրի ստորագրումից, դա արել է ԵՄ-ն, և դա իմ կողմից փաստվել է ԵՄ խորհրդի նախագահի, Եվրախորհրդարանի նախագահի և Եվրահանձնաժողովի նախագահի ներկայությամբ, երբ ակնարկ է հնչել, որ Երևանը որոշ ժամանակ է կորցրել ԵՄ հետ գործընկերության շուրջ համաձայնագիր ստորագրելիս՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ազատության՚ հետ հարցազրույցում` ընդգծելով ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և խորը գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
Նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ շարքային քաղաքացին, երևի թե, ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա: «Մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ արդեն ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք՝ վաղը գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնագիրը կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, և արդյոք դա անվտանգության ապահովման այլընտրանքային մի ուղղություն է, Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է՚։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից համաձայնագրի ստորագրման առնչությամբ հնարավոր առարկության կամ վերապահման վերաբերյալ հարցին` Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որը իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով։
Դա տարածում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ուրիշների ասածները լսելու, ովքեր պատրաստ են ոչ-ինքնուրույն լինելու և ոչ-անկախ լինելու: Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ անկախությունը բացարձակ չի կարող լինել: Այո, և մենք տարածաշրջանում ենք և Հայաստանում ենք, որպեսզի պահպանենք Հայաստանի շահերը՚:
Պատասխանելով 2018-ից հետո իր քաղաքական ծրագրերին առնչվող պատկերացումների վերաբրյալ հարցին` Հայաստանի նախագահն ասել է. «Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ: