Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱԻՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք, «Զանգեր»-Սարավան, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՚, - նշված է հաղորդագրությունում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների: