Արմինֆո. Այսօր ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե Մոսկվան կգնա Ղարաբաղի շուրջ ինչ-որ «փոխանակումների՚, այսպես կոչված, «Լավրովի ծրագրի՚ իրագործման ճանապարհով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ բազմամյա էթնոքաղաքական հակամարտության արագացված կարգավորումը, հատկապես, Հայաստանին նախկին ԼՂԻՄ շուրջ շրջանների զիջում պարտադրելու միջոցով` Ադրբեջանին ԵՏԱՄ անդամակցության դրդելու նպատակով: Այստեղ, ի դեպ, հարկավոր է ընդգծել, որ ԶԼՄ-ներում լայնորեն քննարկվող այդ փաստաթուղթը, չգիտես ինչու, պաշտոնապե ոչ մի տեղ չի հրապարակվել՚, - ընդգծել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, նման քայլը, ոչ մի հաջողություն չխոստանալով Մոսկվային, կարող է վանել Հայաստանին, նպաստել արևմտամետ վեկտորի ամրապնդմանը, միևնույն ժամանակ, չդադարեցնելով ԵՄ և ԱՄՆ հետ Ադրբեջանի տրանսպորտային-էներգետիկ գործընկերույթյունը: Մարկեդոնովը համոզված է, որ հակամարտող կողմերի թիկունքում և իրական փոխզիջման բացակայության պայմաններում հակամարտության արագացված կարգավորումը նոր ռիսկեր է ներառում ինչպես Անդրկովկասի, այնպես էլ այդ տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի համար:
Այդ լույսի ներքո Մարկեդոնովը ցուցանշական է համարում Ղարաբաղի թեմայի բացակայությունը Սոչիի Պուտին-Էրդողան բանակցություններում, նշելով, որ այդ գործոնն ամրապնդել է ռուս-թուրքական օրակարգից Ղարաբաղի բացառման մասին մի շարք փարձագետների կարծիքը:
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 13-ի հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր այդ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան խնդրի քննարկման մասին: Էրդողանը ենթադրություն էր հայտնել, որ այդ խնդրի վրա ռուս գործընկերոջ ուշադրության կենտրոնացման դեպքում այն «հեշտ լուծում կստանա»: Թուրքիայի նախագահը համանման կարծիք էր հայտնել նոյեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման նախաշեմին: