Արմինֆո.Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 15-ից -19-ն անցկացված Տորոնտոյի 12-րդ միջազգային «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) հաղթող է ճանաչվել՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Տորոնտահայ և հայկական մշակույթով հետաքրքրված օտարազգի հասարակության ուշադրությանը ներկայացված 40 ֆիլմերից՝ Ջիվան Ավետիսյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմով` նոյեմբերի 15-ին ազդարարվել է կինոփառատոնի բացումը, որը ներկայացված էր Արցախին նվիրված հատուկ խորագրում։ Փառատոնի պատվավոր հյուրերի ցանկը համալրել էին՝ Ջիվան Ավետիսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Դին Քեյնը, Մոնթել Ուիլյամսը և բեյրութահայ երգչուհի Էյլին Խաչատուրյանը: Նոյեմբերի 19-ին կայացած մրցանակաբաշխության արարողությանը «Վերջին բնակիչը» ֆիլմին շնորհվել է «Լավագույն ֆիլմ»-ի համար մրցանակը։ Ռեժիսորն իր շնորհակալական ուղերձն է հղել կինոփառատոնի կազմակերպիչներին, ովքեր կարևորել և բարձր են գնահատել կատարված աշխատանքը։ Ռեժիսորն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ֆիլմ նկարահանելու դժվարություններին. «Այս ամենը բարդ պայքար է, և այդ պայքարում պետք է կարողանալ ուղղակիորեն չնահանջել և առաջ ընթանալ։ Ֆինանսական առումով՝ արտադրող ընկերության ուսերին է դրված ողջ ծանր բեռը, ինչից էլ բխում են համարտադրողների հետ հետագա քննարկումներն ու համագործակցությունը։ Ընդհանրապես, դժվար է գտնել համարտադրողներ, որոնք կսիրեն արվեստը, միևնույն ժամանակ, թեմայի առումով՝ չեն վախենա սպասվող խնդիրներից: Օրինակ, հեշտ չէ գտնել դերասաններ, որոնք կլինեն համարձակ և պատրաստ՝ մեր հարևանների կողմից «սև ցուցակ»-ում հայտնվելուն, երբ խոսքը արցախյան թեմատիկայով ֆիլմերին է վերաբերում,- ասել է ռեժիսորը և հավելել,- Ես ուրախ եմ, որ այդ ճանապարհը կարողացա անցնել ինձ հավատացող մարդկանց շնորհիվ, ինչի արդյունքում էլ, ֆիլմը կարողանում է քայլ առ քայլ իր ճանապարհը հարթել աշխարհում»։
Կինոփառատոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Համազգայինի «Սանահին» ֆիլմի ակումբի և «Նուռ» կինոփառատոնի նախաձեռնությամբ, «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կայացել էր նաև Մոնրեալում, որտեղ նույնպես ֆիլմը ջերմ ընդունելության էր արժանացել։ Առաջիկայում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, Blue Knowledge Associazione-ի նախաձեռնությամբ, կկայանա նաև Պադովայում՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն անցկացվող «Dessaran Festival»-ի (Հայկական մշակույթին նվիրված շաբաթ) շրջանակում, դեկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին Multisala MPX Sala Giotto-ում։
«Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքները մեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայում դրա ներկայացմամբ։ Այն ս.թ.հունիսին ցուցադրվել է նաև Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրում: Դրան հաջորդել է Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge»-ում ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ վերջերս՝ Հելսինկիի Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում, ֆիլմն արժանացել էր միանգամից երկու մրցանակի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնիշրջանակներում։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ առաջիկայում սպասվում են նաև ֆիլմի ցուցադրություններն Իտալիայում (Պադովա), Հունաստանում, Անգլիայում և շատ այլ երկրներում։
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և, հոգեկան խանգարումով, հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային: