Արմինֆո.Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման համար տեխնիկական խոչընդոտներ չկան: Այդ մասին հաղորդում է «Ժողովուրդ՚ օրաթերթը` վկայակոչելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն: «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, որ Եվրամիության կողմից ամեն ինչ պատրաստ է Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրմանը՚, - ասել է Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրում: 2017 թվականի մարտի 21-ին Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը:
Օգոստոսի վերջին Հայաստանի նախագահը հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չկա նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման համար: Նա նաև նշել է, որ 2013 թվականին, երբ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, մի շարք ԶԼՄ-ներ, հատկապես` արտասահմանյան, փորձում էին դա ներկայացնել որպես «մեկ գիշերում կայացված որոշում՚: «Դա անհիմն է ու ծիծաղելի: Մենք բանակցություններ էինք վարում և ԵԱՏՄ-ի, և ԵՄ-ի հետ, քանի որ երկու կողմերն ի սկզբանե ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարում: Սակայն մենք ի՞նչ պետք է անեինք, երբ Եվրամիությունն ասաց, որ դա խանգարում է՚, - հարց է տվել Սարգսյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, իր հերթին, սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ն «թանաք և թուղթ՚ է նախապատրաստում նոյեմբերին Արևելյան գործընկերության Բրյուսելի գագաթնաժողովում համաձայնագիրն ստորագրելու համար: