Արմինֆո.Անցած քառորդ դարում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել իսկապես դաշնակցային բնույթ և ռազմավարական գործընկերության բնույթ: Այդ մասին Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ իր այցը Երևան պաշտոնական բնույթ է կրում, նվիրված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակին: «Այսօր մենք քննարկել ենք պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ընթացիկ տարում մեր նախագահների հանդիպումների ընթացքում՝ ներառյալ նոյեմբերի 15-ին Մոսկվայում նրանց վերջին հանդիպումը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Մշակույթի օրերին: Մենք հաջող առաջընթաց արձանագրեցինք առևտրատնտեսական կապերի ընդլայնման ճանապարհին: Այս տարվա ութ ամիսներին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ մեկ երրորդով: Ռուսաստանը կայուն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսությունում կապիտալ ներդրումների առումով: Ներկայումս այստեղ մոտ երկու հազար համատեղ ձեռնարկություն է գործում: Քննարկել ենք կարևոր ներդրումային ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ ոլորտում՝ ներառյալ ՀԱԷԿ շահագործման ժամկետների երկարաձգումը: Արձանագրել ենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում զարգացման կայուն գործընթաց, գործում է համապապասխան Միջկառավարական հանձնաժողով, իրականացվում են ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ, որոենք անհրաժեշտ են Հայաստանին»,- ասել է Լավրովը:
Միաժամանակ նա նշել է մշակութային-հումանիտար, գիտատեխնիկական և կրթական կապերի առկայությունը: Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռուսաստանի Դ աշնության առաջատար կրթական կենտրոններում հայ ուսանողների ուսուցման հաջող պրակտիկան շարունակելու շուրջ:
«Դրական ենք գնահատում ՀԱՊԿ գծով մեր համագործակցությունը: Գործնականում մեր դիրքորոշումները համընկնում են միջազգային կազմակերպությունների օրակարգի բոլոր հարցերում՝ ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն ՍՏՀԿ-ն: Իհարկե, քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Մենք ծանոթացրել ենք մեր հայ գործընկերներին այդ թեմայի շուրջ Բաքվում մեր պատվիրակության ունեցած զրույցներին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ կշարունակենք աջակցել պայմանների ստեղծմանը, որոնք թույլ կտային կարգավորել կողմերի միջև այդ խնդիրը»,- ասել է Լավրովը: