Արմինֆո. ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերն ընդունվել են մեկ հիմնական նպատակով. դա ռազմական գործողությունների դադարեցումն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդնյանը` նոյեմբերի 21-ի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարմանն առնչվող ԱրմԻնֆո-ի հարցին:
«Սակայն, դժբախտաբար, ռազմական գործողությունների դադարեցման հասանք ոչ այդ չորս բանաձևերի պատճառով: Հենց չորսն է ընդունվել, քանի որ յուրաքանչյուր բանաձևից հետո Ադրբեջանը դրանք չէր կատարում: Իսկ հրադադարի ռեժիմը հաստատվել է 1994 թվականի մայիսին ստորագրված համաձայնագրի շնորհիվ: Դա հրադադարի շուրջ անժամկետ եռակողմ համաձայնագիր է: Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, թե, իբր, մենք միշտ քննարկում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի ինչ-որ դրույթներ չկատարելու հարցը, ապա, որքան հիշում եմ, վերջին 10 տարիներին մենք նման բան, ընդհանրապես, չենք քննարկում, քանի որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը կարգավորմանը չեն վերաբերում: Դրանք վերաբերում էին ռազմական գործողությունների դադարեցման հարցին՚, - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերին ու սկզբունքներին` Նալբանդյանը նշել է, որ դրանք եղել են այն բազմաթիվ փաստաթղթերում, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից, և դրանց հիմնական բովանդակությունը հրապարակվել է նաև համանախագահող երկրների նախագահների հայտնի հինգ հայտարարություններում:
Հիշեցնենք, որ Բաքուն պարբերաբար Հայաստանին մեղադրում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի կատարումից հրաժարվելու համար: