Արմինֆո.Բոլոր քայլերը, միջոցառումներն ու պայմանավորվածությունները, որոնք պահանջվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղից շարժելու համար, «սեղանին են՚: Նախօրեին Բաքվում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Այդ ամենը բազմիցս ամփոփվել է համանախագահների կողմից, սկսած 2007 թվականից, այնուհետև 2009 թվականին, եղել են 2011 թվականի փաստաթղթեր, որոնցից շատերը պահպանվում են ԵԱՀԿ քարտուղարությունում: Ընդհանուր մոտեցումմները, որոնք ներառում են այդ փաստաթղթերը, բազմիցս ձևակերպվել են եռանախագահների հայտարարությունների տեսքով` ինչպես ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների, այնպես էլ նախագահների մակարդակով: Ուստի, իրոք, ինչպես ասում են, ողջ մենյուն սեղանին է՚, - ասել է Լավրովը, համոզմունք հայտնելով, որ դիվանագիտությունն ի զորու է շոշափել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի լինեն երկու կողմերի համար և թույլ տան գործընթացը տեղաշարժել ճիշտ ուղղությամբ: Անդրադառնալով ձևաչափի հնարավոր ընդլայնմանը` Լավրովը հիշեցրել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության մասին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի զինված ուժերն «օկուպացված տարածքներից՚ դուրս բերելու ուղիները, Լավրովը, մասնավորապես, ասել է. «ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարումը, ադրբեջանական տարածքների ազատումը, այդ ամենն ամրագրված է հենց այն փաստաթղթերում, որոնց մասին ես ասել եմ, և որոնք քննարկվում ու պահպանվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մոտ 2007 թվականից: Այդ փաստաթղթերում կան մի շարք պարագրաֆներ, որոնք երբեք հարցեր ու կասկածներ չեն հարուցել կողմերից որևէ մեկի մոտ, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ենթադրում են լրացուցիչ ջանքերի անհրաժեշտություն: Այն ժամանակվանից, երբ հրադադարից հետո, որը ՄԱԿ ԱԽ բանաձրերի գլխավոր պահանջն էր, որոնց մասին դուք հիշատակել եք, ձևավորվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ադրբեջանական տարածքների ազատման, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարագվիճակի որոշման բոլոր հարցերն ամրագրված են որպես խնդիրներ, որոնք պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով, ինչով մենք այժմ զբաղվում ենք՚: