Արմինֆո. «Յուրաքանչյուր կառույց ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը և իր կազմը: Հազիվ թե Ռուսաստանը և ՌԴ ԱԳՆ-ը բացառապես Հայաստանի շահերի մասին են մտահոգվում: Անշուշտ, իրենց ձեռնտու կլիներ, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանն ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում:
Բաղդասարյանը հայտարարել է, որ Ռուսաստանին, իհարկե, ձեռնտու կլիներ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը, սակայն, ըստ նրա, ցանկությունը և իրականությունը ոչ միշտ են համընկնում: Ինչպես նշել է քաղաքական գործիչը, ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը դժվարանում է՝ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատճառով: «Մի խոսքով,՝ որևէ սարսափելի և վտանգավոր բան այդ հայտարարության մեջ չեմ տեսնում»,- ասել է Բաղդասարյանը:
Նոյեմբերի 20-ին Բաքվում՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլիներ Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում:
«Այդ միությունը բաց ինտեգրացիոն համագործակցություն է: Մենք ոչ ոքի չենք ստիպել անդամակցել այդ կազմակերպությանը: Ներկայում դիտարկում ենք կառույցին Տաջիկստանի անդամակցության հարցը: Մենք հայտեր ենք ստանում նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից՚, - ասել է Լավրովը: Մինչդեռ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը չի դիմել այդ հարցով, սակայն, եթե նա նման ցանկություն դրսևորի, ապա Հայաստանն արտահայտվել է հստակ: «Համաձայնագրի դրույթներին համապատասխան, այդ կարգավիճակը չի կարող շնորհվել մի երկրի, որը գործում է ի վնաս անդամ երկրի կամ ողջ կազմակերպության: Բավական է նշել միայն շրջափակումը: Այդ տեսանկյունից` խոսք չի կարող լինել անգամ դիտորդի կարգավիճակի մասին, էլ չխոսենք անդամության մասին՚, - հայտարարել է Քոչարյանը:Ռուսաստանի նախագահի` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերի խորհրդական Սերգեյ Գլազևն, իր հերթին, հոկտեմբերին Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու հարցը կախված է Հայաստանի դիրքրոշումից: