Արմինֆո. «Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր առավոտյան հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց, իր իսկ բնորոշմամբ` ի նշան այդ կառույցի հակասահմանադրական գործողությունների դեմ բողոքի։
Հայրիկյանի բողոքն է հարուցել այն հանգամանքը, որ ԿԸՀ հրաժարվել է նրան փաստաթղթեր տրամադրել 200 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրություններ հավաքելու համար` սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակով: Ինչպես հայտնի է, ՀՀ նոր սահմանադրությունը նախատեսում է նման հնարավորություն, մինչդեռ ԿԸՀ, վկայակոչելով ավելի վաղ ընդունված օրենսդրական ակտերը, պնդում է, որ քաղաքացիների կողմից սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը նախատեսված չէ երկրի օրենսդրությամբ, և հրաժարվում է ստորագրահավաքի համար համապատասխան փաստաթղթեր տրամադրել Հայրիկյանին և նրա կողմնակիցներին:
Լրագրողների հետ զրույցում Հայրիկյանը հաղորդել է, որ իր կողմից նախաձեռնվող սահմանադրական բարեփոխումների նպատակը քաղաքացիների դերի մեծացումն է երկրի հասարակաքաղաքական գործընթացներում: Նրա հավաստմամբ, նոր սահմանադրության ընդունումից հետո երկու անգամ կրճատվել է քաղաքացիների մասնակցությունը երկրի կենսագործունեությանը: Հայրիկյանը, մասնավորապես, առաջարկում է վարչապետի ընտրության իրավունքը վերապահել քաղաքացիներին` ուղիղ քվեարկության ճանապարհով: Բացի այդ, առաջարկում է երկրում խորհրդարանի և վարչապետի ընտրություններ անցկացնել, համապատասխանաբար, 2 և 3 տարի պարբերականությամբ:
Հայրիկյանը պարզորոշ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԿԸՀ հրաժարվի փաստաղթղեր տրամադրել ստորագրահավաքի համար: Նա դժվարացել է նաև ասել, թե որքան կտևի իր հացադուլը: ՀՀ իշխանություններն առայժմ Հայրիկյանի պահանջին չեն արձագանքել: