Արմինֆո. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրվի այցը տարածաշրջան պաշտոնական բնույթ է կրում և նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20-21-ը: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարևոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին: Նաև մի շարք այլ միջոցառուներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում:
Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաև Հանրապետության Նախագահի հետ, բանակցություններ կկայանան Արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, և կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին:
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող և որպես Հայաստանի և Ադրբեջանի կարևորագույն գործընկեր: Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նախագահների միջև վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում: Դա կարևոր իրադարձություն էր նվիրված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը:
Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ և դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն: Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան:
Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթքացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու և արդյունքներ ունենալու համար»,- ասել է Նալբանդյանը:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել էր Լավրովի Երևան այցի օրակարգը և հայտնել, որ նախատեսված են նրա բանակցությունները ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ, հանդիպում երկրի նախագահի հետ: «Այցն իրականացվում է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և, այսպես կոչված, «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 20-ամյակի տոնակատարության տարում: Նախարարները կմասնակցեն «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ պատմության մեջ նշանակալի այդ իրադարձությանը, հոբելյանական ամսաթվին նվիրված փոստային նամականիշի մարմանը: Նախատեսվում է Ռուսաստանի ԱԳՆ և Հայաստանի ԱԳՆ խորհրդատվությունների 2018-2019 ծրագրի ստորագրում: Երկկողմ բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով համագործակցության, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակ»,- ասել էր Զախարովան: Ըստ որում, նա ավելացրել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: