Արմինֆո.Պուտինի հետ հանդիպման «ղարաբաղյան» պարունակության վերաբերյալ հայտարարությամբ Էրդողանը հաստատել է այդ հարցում Մոսկվայի վրա ազդելու իր անզորությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքական ԶԼՄ-ներին հայտարարելով Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ Ղարաբաղի խնդրի քննարկման մասին՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է հետևյալը. «Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Մենք կանգ ենք առել յոթ շրջաններից հինգի վերաբերյալ ավելի վաղ ընդունված որոշման կատարման անհրաժեշտության վրա: Պուտինը դրական է տրամադրված, բայց, ինչպես ես եմ հասկացել, առանձնակի հույսեր չունի: Կարծում եմ՝ նրա անհուսությունը կապված է երկու կողմերի միջև հարաբերությունների հետ»:
«Որքանով կարող եմ դատել Էրդողանի հայտարարությունից, Սոչիում ռուս գործընկերը հստակ հասկացրել է նրան, որ Թուրքիան Արցախում անելիք չունի: Հայաստանի և Արցախի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացմամբ ուղեկցվող թուլացումը Ռուսաստանին ձեռնտու չէ, ինչը հավաստել եմ մինչև Սոչիի հանդիպումը: Եվ Արցախի հարցում Մոսկվայի և Անկարայի միջև փոխհամաձայնության ձեռքբերումը շարունակում է քիչ հավանական մնալ»,- ընդգծել է Սաֆրաստյանը:
Թուրքագետը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը հանդիսանում է արցախյան հակամարտության կարգավորման անայլընտրանքային միջազգային միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս առումով առևելագետը գտնում է, որ Արցախի շուրջ բանակցություններում նոր միջնորդի ի հայտ գալն ուղղակիորեն հակասում է Մոսկվայի շահերին:
Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան խնդրի քննարկման մաիսն: Էրդողանը ենթադրություն էր հայտնել, որ այդ խնդրի վրա ռուս գործընկերոջ ուշադրության կենտրոնացման դեպքում այն «հեշտ լուծում կստանա»: