Արմինֆո. «Ես բարձր եմ գնահատում «Թավշյա հեղափոխությունը՚, քանի որ այն մեզ տվել է այն ամենն, ինչ այժմ ունենք: Դրանից հետո Չեխիան դարձավ բոլորովին այլ երկիր՚, - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:
Նոյեմբերի 16-ին ԵՊՀ-ում բացվել է ցուցահանդես, որը կազմակերպել էՀայաստանում Չեխիայի դեսպանությունը: Ցուցահանդեսը զուգադիպել է Չեխոսլովակիայում «Թավշյա հեղափոխության՚ տարեդարձին և նվիրված է հեղափոխության գլխավոր կազմակերպիչներից մեկին` Վացլավ Հավելին:
Դեսպանը նշել է, որ այդ հեղափոխությունն անձամբ իր համար մեծ նշանակություն է ունեցել, քանի որ այն ժամանակ ինքը ծառայել է բանակում, որը կոմունիստական կուսակցության ղեկավարման ներքո էր: «Պրահայում իրադարձությունների առաջին իսկ օրերից բանակի ղեկավարությունը փորձում էր մեզ օգտագործել ցույցերի դեմ: Զորամասերում բազմաթիվ բանավեճեր էին տեղի ունենում այդ իրադարձությունների առնչությամբ, և մենք` զինվորներս, խոսում էինք այն մասին, որ չենք պատրաստվում զենք ուղղել ժողովրդի դեմ: Մենք զրկված էինք տեղեկատվությունից, քանի որ ոչ հեռուստատեսությունը, ոչ ռադիոն այդ իրադարձությունները չէին լուսաբանում: Զորամաս եկան ուսանողներ և պատմեցին, թե ինչ է տեղի ունենում: Եվ երբ ես բանակից վերադարձա, դա բոլորովին այլ երկիր էր, մեզ մոտ հայտնվել էր հանգիստ ճանապարհորդելու հնարավորություն: Ես, առաջին հերթին, մեկնեցի Ավստրիա և Գերմանիա՚, - նշել է դեսպանը: Նա նաև հայտարարել է, որ Վացլավ Հավելը Չեխիայում մեծ ժողովրդականություն վայելող գործիչ էր, նա հեղափոխության գլխավոր ղեկավարն էր և այդ փոփոխությունների հիմնական գործոնը: Սակայն այժմ ոչ բոլորն են նրա հանդեպ ջերմ զգացումներ տածում: «Ոչ բոլորին էին դուր գալիս երկրում տեղի ունեցող տնտեսական փոփոխությունները: Այն մարդիկ, որոնք եղել էին իշխանության ղեկին և հեղափոխության ընթացքում կորցրել էին իրենց դիրքը, Հավելին չէին սիրում: Սակայն նա, իրոք, մեծ մարդ էր, և այսօր մենք տոնելու բան ունենք՚, - եզրափակել է դեսպան Պետր Միկիսկան:
Հիշեցնենք, որ 1989 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Չեխոսլովակիայում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխություն՚` խաղաղ քաղաքացիական ապստամբություն: Այդ հեղափոխությունը հանգեցրեց իշխանությունից կոմունիստական կուսակցության համեմատաբար արագ հեռացման և ՉՍՍՀ սոցիալիստական վարչակարգի կազմալուծման: Չնայած ուժայինների հետ ցուցարարների սկզբնական բախումներին` հեղափոխությունն, ընդհանուր առմամբ, իրականացվեց անարյուն, ինչի առնչությամբ էլ ստացավ իր անվանումը: Նոյեմբերի 17-ը Չեխիայում և Սլովակիայում հայտարարված է Հանուն ազատության և ժողովրդավարության պայքարի օր: