Արմինֆո.Եվրախորհրդարանը Եվրամիության ղեկավարությանը կոչ է անում Հայաստանի հետ բանակցություններ սկսել վիզային ռեժիմի պարզեցման շուրջ: Այդ մասին ասվում է նախօրեին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունված բանաձևում:
Փաստաթղթում նշվում է, որ 2015 թվականին Ռիգայում ԵՄ գագաթնաժողովից հետո հանրապետությունն զգալի առաջընթաց է արձանագրել իր պարտավորությունների կատարման գործում: Նաև ընդգծվում է այն դրական փորձը, թե ինչպես ԵԱՏՄ անդամ երկիրը կարող է արդյունավետ բանակցություններ վարել ԵՄ հետ խորը և համպարփակ գործընկերության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման շուրջ, որոնք, ինչպես նշված է փաստաթղթում, հաջողությամբ ավարտվել են: Ի դեպ, ադրբեջանական լոբբին ապարդյուն փորձել է փաստաթղթում ներառել բոլորովին հակադիր դրույթներ, որոնք, Հայաստանին մեղադրում էին եվրոպական արժեքներին «դավաճանելու՚ և ԵԱՏՄ-ին անդամակցելու համար: Սակայն եվրախորհրդարանականներն արմատապես հակառակ տեսանկյուն են դրսևորել, գտնելով, որ Հայայստանի փորձն օգտակար է և կառուցողական:
«Հաշվի առնելով Հայաստանի առաջընթացն իր պարտավորությունների կատարման գործում` կոչ ենք անում հաստատել ՀՀ հետ արտոնյալ վիզային ռեժիմը` ինչպես Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ՚, - ասվում է բանաձևում` այդ հարցի վերջնական լուծումը թողնելով Եվրահանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին: