Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ օրերս կաայցած հանդիպումների արդյունքների վերաբերյալ հայտարարություն են տարածել:
ԵԱՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հաայստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը նպատակաուղղված որոշակի քայլեր, ինչպես նաեւ Ժնեւում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Կայացած հանդիպումների ընթացքում համանախագահները եւ նախարարները քննարկել են օրակարգում գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները պայմանավորվել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում: Համանախագահները կնախապատրաստեն հանդիպման օրակարգը, որը կընդգրկի հակամարտության քաղաքական կարգավորման հիմնական հարցերը, ինպես նաեւ շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման գործընթացի ավարտին՚, - ասվում է հաղորդագրությունում: