Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման առաջնային է Ռուսաստանի համար միջազգային օրակարգում: Նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, որ ֆինանսավորման կրճատման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահության ձևաչափը կարող է փոխվել: «Ամեն ինչ թվում է տրամաբանական, եթե մեկ համանախագահ պակասի, ապա ձևաչափը կփոխվի: Արդյո՞ք այդպես կլինի, ի՞նչ պատճառով, նրանք փող չունե՞ն: Դա, իհարկե, նոր բառ է ամերիկյան տնտեսությունում: Բայց, եթե փողի պակաս կա, այդ հարցը վերաբերում է ամերիկյան կողմին, ոչ թե` մեզ: Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման առաջնայիններից մեկն է միջազգային օրակարգում, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե, պարզապես, մեր հարևաններին: Մեզ համար խոսքը վերաբերում է ժողովուրդների, որոնց հետ մեզ կապում է ոչ միայն, պարզապես, միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ձևական կողմը: Մեզ կապում է կյանքը, ճակատագիրը: Մենք ունեցել ենք ընդհանուր կյանք, ճակատագիր` տասնամյակների, հարյուրամյակների ընթացքում: Այդ պատճառով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման մեզ համար առաջնային է: Իսկ ամերիկյան դիվանագիտության վիրաժները, կարծում եմ, պետք է մեկնաբանեն Պետդեպարտամենտում՚, - եզրափակել է Զախարովան: