Արմինֆո. Գերմանական «Կեղեքվող ժողովուրդների իրավունքների պաշտպանության միություն՚ իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի քաղաքների ասոցիացիային կոչ է արել երկրով մեկ հուշարձաններ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանված մյուս քրիստոնյաների հիշատակին:
Իրավապաշտպան կազմակերպության Մերձավոր արևելքի գծով փորձագետ Քեմալ Սիդոն նշել է, որ Գերմանական կայսրությունը տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի և զանգվածային տեղահանության մասին: «Չափազանց կարևոր է` անել ամեն բան, որպեսզի այդ ողբերգությունը չմոռացվի, և անհրաժեշտ է տեղադրել հուշարձաններ, որպեսզի տուժած ժողովուրդների ներկայացուցիչները կարողանան հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին՚, - հայտարարել է Սիդոն, հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնեական փոքրամասնությունների ցեղասպանության մասին հիշատակը՚ բանաձևը, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակվել են ցեղասպանություն: Բունդեսթագը ճանաչել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև` կատարվածի համար պատասխանատվության իր բաժինը: