Արմինֆո. Ներկայում քննարկվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված քայլերը: Այդ մասին «Թրենդին՚ ասել են ԵԱՀԿ ավստրիական նախագահությունում:
«ԵԱՀԿ-ն հիմնական հարթակն է համապատասխան քննարկումների անցկացման համար։
Մենք ուշադիր հետևել ենք հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը։ Այդ հանդիպումից հետո մենք տեսնում ենք դրական դինամիկա։ Ավստրիական նախագահությունը հույս ունի, որ այդ ուղղությամբ վերսկսված գործողությունները կուղեկցվեն խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված որոշակի քայլերով։ Ներկայում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը, և այժմ կողմերի հերթն է՝ կայացնելու համապատասխան որոշումներ։ ԵԱՀԿ համանախագահները կարող են միայն նպաստել այդ գործընթացին», - ասվում է ավստրիական նախագահության հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, կազմակերպությունում նշում են, որ ժնևյան հանդիպումից հետո բոլոր ջանքերը պետք է ուղղվեն խաղաղության հասնելուն։ «2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ արվել էին վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ որոշակի առաջարկներ։ Դրանց թվում էր ԵԱՀԿ գործող նախագահի` հակամարտության գծով անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ առաջարկը, ինչին սկզբունքորեն համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ ԵԱՀԿ-ն զգալի ռեսուրսներ է ուղղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման որոնումներին, և ավստրիական նախագահությունը պատրաստ է այսուհետև էլ շարունակել աջակցությունը խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՚, - ասվում է հաղորդագրությունում: