Արմինֆո.Այն տղաները, ովքեր այսօր հանդես են գալիս պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման վերացման վերաբերյալ օրենքի դեմ, վաստակել են այդ մասին խոսելու բարոյական իրավունքը, քանի որ արդեն կատարել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ելք» դաշինքից պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Այս առումով նա նշել է, որ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր այսօր առաջ են մղում այդ փաստաթուղթը, խոսում են զինվորական ծառայությունից տարկետման վերացման անհրաժեշտության մասին, նման բարձրագոչ հայտարարություններով հանդես գալու բարոյական իրավունք չեն վաստակել: «Գրեթե բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու իմպերատիվի մասին, ժամանակին ինչ-որ կերպ խուսափել է են բանակից. ոմանք՝ օրինական մեթոդներով, մյուսները՝ ոչ: Բայց նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին չեն ծառայել օրինական հիմունքներով, բայց այսօր խոսում են առանց բացառության բոլոր երիտասարդների՝ զինված ուժերում ծառայելու կարևորության մասին, կարող էին, գիտակցելով զինված ուժերում ծառայության կարևորությունը, կամավոր հիմունքներով իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, այլ ոչ թե՝ հաճույքով օգտվել օրենքի արտոնություններից: Իսկ արդեն այսօր, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, որպես օրինակ բերել իրենց կենսափորձը և ասել, որ չնայած օրինական հիմունքներով տարկետման հնարավորությանը՝ ժամանակին կամավոր կերպով զինվորական ծառայություն են անցել: Չէ որ շատ օրինակներ են եղել, երբ օրինական հիմունքներով բանակում ծառայությունից ազատված երիտասարդը կամավոր կերպով իր պարտքն է կատարել հայրենիքի առաջ, հետո միայն վերադարձել ուսմանը»,- հայտարարել է պատգամավորը:
Նշենք, որ Արտակ Զեյնալյանը, լինելով Երևանի պետական բժշկական համալսարանի լավագույն ուսանողներից մեկը և օգտվելով օրինական տարկետումից, այնուամենայնիվ, որպես կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին և ծանր վիրավորում ստացել: