Արմինֆո. Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողներն ընդունել են իրենց հետ հանդիպելու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկը:
Ներկայումս 5 հոգուց բաղկացած ուսանողների խումբը հանդիպում է անցկացնում Արա Բաբլոյանի և Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման վերացման վերաբերյալ օրենքի ընդունման շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով: Ուսանողները հանդիպման ուղիղ հեռարձակում են պահանջում, սակայն բանակցությունները դեռևս ընթանում են փակ դռների հետևում:
Հանդիպման նպատակը դեռ պարզ չէ, քանի որ օրենքն արդեն ընդունված է և վերանայման ենթակա չէ:
Նշենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ ուսանողները բողոքում են օրենքի դեմ, այսօր նրանք փակել են Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների երթևեկությունը: Հինգ ուսանողներ, որոնցից չորսն արդեն ծառայել է բանակում, հացադուլ են հայտարարել: