Արմինֆո. Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արցախյան խնդրի քննարկումն ակտիվացնում է ԱՄՆ և ԵՄ ուշադրությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան խնդիրը քննարկելու մտադրության մասին: Էրդողանը ենթադրություն էր հայտնել, որ եթե ռուսաստանց գործընկերը կենտրոնանա այդ խնդրի վրա, այն «հեշտությամբ կլուծվի՚: Նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ նախագահներն առայժմ Արցախի խնդրի վերաբերյալ ոչ մի հայտարարություն չեն արել:
«Ամեն դեպքում, ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական ձևաչափի շրջանակից դուրս Ռուսաստանի հետ արցախյան խնդիրը քննարկելու Թուրքիայի փորձերը մտահոգություն են հարուցում և խնդրահարույց են: Կարծում եմ, որ շեղումը պաշտոնապես ընդունված միջազգային պլատֆորմից խնդիր է, հաշվի առնելով, որ դա էապես խախտում է Արցախի խնդրի շուրջ ձևավորված հաշվեկշիռը՚, - ընդգծել է քաղաքագետը:
Միևւնույն ժամանակ, Ենոքյանը փաստել է այդ տարածաշրջանում սեփական քաղաքականությունը հստակեցնելու ԱՄՆ փորձերի բացակայությունը: Նրա գնահատմամբ, ԵՄ-ն, մեծ հաշվով, Հարավային Կովկասի տարածաշրջանում իր գործողությունններում կհետևի հենց ԱՄՆ քաղաքականությանը: Այդ լույսի ներքո`քաղաքագետը ենթադրում է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը համապատասխան հող են նախապատրաստում բարենպաստ իրավիճակի ստեղծման դեպքում ակտիվացման համար:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ հնամանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ գործողություների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղաբաշխում հակամարտության գոտում: