Արմինֆո.Պարտադիր զինծառայության տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր երթով անցել են երևանյան բուհերի մոտով` տարկետման վերացման կողմնակիցներին կոչ անելով դուրս գալ փողոց և հիմնավորել իրենց դիրքրոշումը: Երթի մասնակիցները վանկարկել են «Տարկետում լինելու է՚, «Միացեք՚:
Սակայն Երևանի բուհերից ոչ մեկում բողոքավորների կոչին չեն արձագանքել, և ընդդիմախոսներից ոչ ոք դուրս չի եկել երթի մասնակիցների հետ բանավիճելու: Երթի մասնակիցները տեղեկացրել են, որ մտադիր են պիկետ անցկացնել Ազգային ժողովի շենքի դիմաց` տարկետման վերացում նախատեսող փաստաթղթի քննարկման ժամանակ:
Ուշագրավ է, որ Ժողտնտեսության համալսարանի ուսանողներն ու պահպանության ծառայության աշխատակիցները փակել էին շենքի մուտքը բողոքողների համար: Նրանք նշել են, որ բողոքի նման ակցիաները խանգարում են պարապմունքների անցկացմանը:
Բժշկական համալսարանի ճանապարհին ուսանողները փակել են Իսահակյան փողոցի երթևեկությունը, որը քիչ անց վերականգնվել է: Ազգային ճարտարագիտական համալսարանից վերադառնալիս նրանք փակել են երթևեկությունը Տերյան փողոցով:
Ի սկզբանե բողոքի գործողություններ էին անցկացնում միայն ԵՊՀ ուսանողները, սակայն այսօր նրանց միացել են նաև այլ բուհերից: Միևնույն ժամանակ, օրերս ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահությունն իր դիրքորոշումն է հայտնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին՚ օրենքի նախագծի եւ վերջին օրերի ուսանողական ցույցերի նկատմամբ` հանդես գալով վերը նշված օրինագծի օգտին: Բողոքի գործողությունները շարունակվում են արդեն 5-րդ օրը: Բողոքող ուսանողներին օրերս ընդունել են երկրի վարչապետն և պաշտպանության ու կրթության նախարարները, փորձելով նրանց համոզել օրենսդրական նախաձեռնության նպատակահարմարությունը, սակայն` ապարդյուն: Ուսանողները որոշել են շարունակել դասադուլը: Վերը նշված օրենքը նախատեսվում է քննարկել և ընդունել ԱԺ ընթացիկ նստաշրջանում` այս շաբաթ: