Արմինֆո. ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր վճիռ կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների հայցերի առնչությամբ:
ՍԴ վճռի համաձայն՝ Վանաձորի ավագանու խորհրդի առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են: ՍԴ վճիռն ուժի մեջ է մտնում մարտի 31-ին:
Լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ՍԴ այս վճիռը հաստատում է այն փաստը, որ Վանաձորի ավագանու խորհրդի բոլոր նիստները՝ առաջին նիստից սկսած, հակասահմանադրական են եղել: Հետևաբար, ընդգծել է նա, Վանաձորի ավագանու խորհուրդը պետք է ցրվի և պետք է նոր ընտրություններ նշանակվեն:
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու խորհրդի ընտրություններում կառավարող Հանրապետական կուսակցությունը չի կարողացել ստանալ ձայների մեծամասնություն՝ ստանալով 32 տեղից 15-ը: Այնուամենայնիվ, Վանաձորի քաղաքապետի ընտրությունների գաղտնի, փակ քվեարկության ժամանակ ընդդիմության երեք ներկայացուցիչներ, խախտելով ընդդիմադիր երեք կուսակցությունների համատեղ պայմանավորվածությունը /«Օրինաց երկիր»՝ ներկայումս «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան»՝ ներկայումս մտնում է «Ելք» դաշինքի մեջ և «Բարգավաճ Հայաստան»՝ ներկայումս մտնում է «Ծառուկյան» դաշինքի մեջ- խմբ./ աջակցել են ՀՀԿ-ից թեկնածու Մամիկոն Ասլանյանին: «ԱրմԻնֆո»-ի հավաստի տեղեկատվության համաձայն՝ երեքից երկուսը «Օրինաց երկրի» ներկայացուցիչներ են եղել, ավելին՝ նրանցից մեկը՝ Արկադի Փելեշյանը, այդ կուսակցությունից քաղաքապետի թեկնածու է եղել: Այնուամենայնիվ, արդեն Վանաձորի ավագանու խորհրդի նիստերի ժամանակ վերջիններս չեն համարձակվել բացահայտ իրենց ներկայացրած քաղաքական ուժերի որոշման դեմ գնալ և չեն մասնակցել նիստերին: Այսպիսով՝ նիստերն ընթացել են առանց քվորում ապահովելու, այսինքն՝ որոշումներն ընդունվել են ձայների փոքրամասնությամբ, հետևաբար՝ հակասահմանադրական են եղել: Այդ փաստն էլ ՍԴ-ում ապացուցել են «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչները: