Արմինֆո. Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումն Արցախի փուլային օկուպացումն է: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապեւթյան ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1918 թվականից, և հաջորդ տարի հակամարտության սկզբից ի վեր արդեն 100 տարի կլինի: «Այդ ընթացքում մենք շատ փուլեր ենք անցել, և կրկին ինչ-որ փուլ անցնելն անհեռատես է, և դա չի նպաստի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Առավել ևս, որ փուլային կարգավորման Ադրբեջանի տեսլականը մեկն է. Լեռնային Ղարաբաղի փուլային վերադարձն ԱՀ կազմ, Արցախի փուլային օկուպացումը: Այդ մոտեցումը կորստաբել է և անիրատեսական: Դեհ, իսկ եթե Բաքուն իրոք ցանկանում է հակամարտության փուլային կարգավորում, թող որպես առաջին փուլ ճանաչի Արցախի անկախությունը: Թեև ես մեծ կասկածներ ունեմ, որ Բաքուն կգնա այդ քայլին ՚, - ասել է Բաբայանը:
Միևնույն ժամանակ, Արցախի ղեկավարի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ հակամարտության կարգավորումն անցկացվում է երկու հարթություններում. առաջինը հարցի իրավական և քաղաքական կարգավորումն է, որը պահանջում է շատ ուժ և ժամանակ, և երկրորդը` դրան զուգընթաց խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: «Դա միջոցառումների համալիր է: Այդ առնչությամբ կարևոր եմ համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը` տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջոցների պահպանման և հակամարտության համապարփակ կարգավորման բանակցային գործընթացի շարունակման առումով՚, - եզրափակել է Բաբայանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի 1163-րդ նիստում Ադրբեջանի պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, թե Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների աշխուժացման նպատակով: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է ստատուս-քվոյի սիստեմատիկ ամրապնդման համար: «Հայաստանի կողմից նման քայլերը, այդ թվում զինված սադրանքները զորքերի շփման գծի երկայնքով, վիժեցնում են հաշտության ջանքները: ԵԱՀԿ մասնակից երկրները պետք է կատարեն միջազգային իրավունքի համապատասխան նորմերի գծով ստանձնած պարտավորությունները` նրանց ֆիզիկական և իրավաբանական անձանց ապօրինի տնտեսական և այլ գործունեության կանխման և վերացման նպատակով` որտեղ էլ որ նրանք գտնվեն: Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության քաղաքական լուծման որոնմամբ, ապա պետք է կառուցողականորեն մասնակցի ներկայացված հստակ դրույթների հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացին՚, - հայտարարել է ադրբեջանական կողմը: Ընդ որում, Բաքուն հավաստիացրել է, որ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի նկատմամբ այլընտրանք չկա, և այն մնում է հաշտության հասնելու լավագուն հնարավորությունը: