Արմինֆո. Ամերիկակցի պաշտոնյաները կկկկկոչ են արել միանալ համահայկական հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին դիմել է իր համաքաղաքացիներին՝ հիմնադրամին հանգանակություն անելու կոչով: «Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում», - ասել է նա։
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը 350 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ «Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք», - նշել է կոնգրեսականը։
Կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում ասել է. «Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով Մարաթոնին»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը և նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգայի կայանների տեղադրմանը։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: