Արմինֆո.Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում շուկայում եզակի վճարային քարտ՝ Shopping Card-ը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար և հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս Բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով», - նշել է Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:
Աղբյուրի համաջձայն, վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն ՀՀ դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս: «Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա՝ 15 րոպեում: Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդը անմիջապես տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը», - հավելել է Գ. Բաղդասարյանը:
Կոնվերս Բանկի գործընկերային ցանցում ներկայումս ընդգրկված են Էլդորադո, Կոալա, ԷՍ Կահույք և Բիանկի խանութները, և այդ ցանցը մշտապես ընդլայնվելու է:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկն իր ArCa ակտիվ քարտերի թվով գտնվում է առաջատարների եռյակում, որոնց թիվը 2017 թվականի ապրիլի 1-ին կազմել է 91 հազար կամ բանկի ակտիվ քարտերի 58%-ը: Տարեկան կտրվածքով բանկի տեղական քարտերի քանակն ավելացրել է 33.2%: Բանկն ունի 637 սեփական POS- թերմինալ, տարեկան աճը` 131 միավորով, որով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: