Արմինֆո. Կատալոնիայի հանրաքվեն էական սրբագրում է կատարել ղարաբաղյան հակամարտության եվրոպական տեսլականում: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա ասելով, եվրոպացիները հակված են ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել Եվրոպայի վերջին կենտրոնախույս միտումների և, մասնավորապես, Կատալոնիայի հանրաքվեի լույսի ներքո, և չափազանց դժվար է նրանց պարզաբանել ղարաբաղյան հակամարտության և կատալոնյան հանրաքվեի պատճառների վիթխարի տարբերությունը: «Հենց այդ պատճառով այդքան կարևոր է ԵՄ և Հայաստանի միջև համաձայնագրի առաջիկա ստորագրումը` աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով՚, - նշել է նա:
Այդ համատեքստում Աշոտյանը շեշտադրում է կատարել համաձայնագրի ստորագրման կարևոր դերին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում` ընդհանուր առմամբ: Նրա գնահատմամբ, բանակցությունների հայկական կողմը ակնկալում է ԵՄ քաղաքական բանաձևի գործարկում Հայաստանի նկատմամբ` տնտեսական և քաղաքական առումով, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրում ներառված կետերի: «Հայաստան-ԵՄ համաձայնագրում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ դրույթները, որոնք լիովին համապատասխանում են Բրյուսելի դիրքորոշմանը, մեզ համար չափազանց կարևոր են: Նաև կարող եմ նշել, որ համաձայնագրով նախատեսվող բարեփոխումները դրսից պարտադրված չեն և լիովին համապատասխանում են մեր ներքին օրակարգին՚, - ամփոփել է խորհրդարանականը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում: