Արմինֆո. Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից Հայաստանի հրաժարվելու դեպքում ոչ ոք մեզ չի պատժի, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարել է միջազգային փորձագետ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
2017 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» Բրյուսելի գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էր նախաձեռնել ԵՄ ԱԳՆ խորհուրդը` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:
«Մենք պարզապես կկորցնենք զարգացման հերթական հնարավորությունը Հայաստանի համար: Ընդանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ հետ պայմանագրի ստորագման շուրջ ինտրիգը ստեղծվում է իշխանությունների կողմից՝ նոյեմբերի 24-ին «դիվանագիտական հաղթանակ» ցուցադրելու նպատակով:
Փորձագետը ԵՄ հետ ստորագրվելիք պայմանագիրը համարում է լավ հիմք, որի վրա հնարավոր կլինի լրացուցիչ գործնական դրույթներով փազլներ հավաքել: Այս առումով Իգիթյանը ԵԱՏՄ շուտափույթ անխուսափելի փլուզման հույս է հայտնել, ինչպես ԽՍՀՄ հետ տեղի ունեցավ՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները չեն կարող մեկ մարդու կամքի վրա հենվել:
«Հենց ԵԱՏՄ փլուզումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի դրույթների իրականացման համար: Դա գոյություն ունեցող համագործակցության ընդլայնման իրական հնարավորություններ կստեղծի: Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանը կարող է այդ համաձայնագրից ստանալ այնքան, որքան ջանք կգործադրի այդ ուղղությամբ»,- ամփոփել է Իգիթյանը: